Նիկոլայ Տոկարսկի
Նիկոլայ Տոկարսկի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18 (30), 1892 կամ 1892[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1977 կամ 1977[1] |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հայագետ |
Պարգևներ և մրցանակներ |
Նիկոլայ Միխայիլի Տոկարսկի (ռուս.՝ Николай Михайлович Токарский, դեկտեմբերի 18 (30), 1892 կամ 1892[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 20, 1977 կամ 1977[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան, Հայաստանի ճարտարապետության պատմաբան, արվեստագիտության դոկտոր (1962), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961), ԽՄԿԿ անդամ (1944)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1892 թվականի դեկտեմբերի 6(18)-ին Պետերբուրգում։ Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի ռեալական ուսումնարանում։
1910 թվականին ընդունվել և, ընդհատումներով սովորելով,1926 թվականին ավարտել է Լենինգրադի քաղաքացիական ինժեներների ինստիտուտի ճարտարապետական բաժինը։ Հայաստանի ճարտարապետության հետազոտությամբ սկսել է զբաղվել դեռևս նախասովետական շրջանում (1915 թ․՝ Իշխան, 1916՝ Անի)։ 1915 թվականին որպես սանիտար աշխատելով պատմական Տայք նահանգի Իշխան գյուղում գտնվող Կարմիր խաչի ճակատային զորամասում, իր ազատ ժամերին չափագրել ու նկարել է Իշխանի տաճարը։ Հաջորդ տարվա վաղ գարնանը Թրֆլիսում նրան ծանոթացրել են Անիի հնագիտական արշավախմբի ղեկավար Նիկողայոս Մառի հետ։ Տեսնելով սկսնակ հետազոտողի նյութերը՝ նա խրախուսել է Տոկարսկուն և հրավիրել մասնակցելու Անիի հնագիտական արշավախմբի աշխատանքներին։ 1916 թվականի ամռանը, արպես ճարտարապետ, նա աշխատել է Անիում։ Կատարելով արշավախմբի ղեկավարի հանձնարարությունը Տոկարսկին զբաղվել է քաղաքի տեղահանույթով, մի քանի հուշարձանների (այդ թվում 1911թ. պեղված եկեղեցու) չափագրությամբ։
1921-1939 թվականներին եղել է Նյութական կուլտուրայի պատմության ակադեմիայի (ГАИМК) ավագ գիտաշխատող։ 1939-1941 թվականներին եղել է էրմիտաժի ավագ գիտաշխատող։ 1923 թվականին գործուղվել է Հայաստան, հետազոտել ներկայիս Աբովյանիի և Հրազդանի շրջանների ճարտարապետական հուշարձանները, Սևանավանքի համալիրը։ Մասնակցել է Ամբերդի (1936, որպես արշավախմբի ղեկավար՝ Հովսեփ Օրբելու տեղակալ) և Դվինի (1938) պեղումներին։ 1941 թվականին Տոկարսկին տեղափոխվել է Հայաստան, եղել Հուշարձանների պահպանության կոմիտեի փոխնախագահ (1941-1945), ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։
Տոկարսկու ղեկավարությամբ իրականացվել են Ավանի և Պտղնիի տաճարների, Ախթալայի և Հովհաննավանքի եկեղեցու ամրացման աշխատանքները։ 1947 թվականին վերադարձել է Լենինգրադ, ղեկավարել ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թանգարանը։ 1957 թվականին նորից այցելել է Խորհրդային Հայաստան, կազմակերպել և ղեկավարել հնագիտական արշավախումբ, որը 1957 թվականին պեղել է Ջրվեժի, 1958 թվականին Ողջաբերդի վաղ միջնադարյան հուշարձանները։ Այնուհետև լույս են տեսել «Ջրվեժ» (1959թ.), «Ջրվեժ և Ողջաբերդ» (1964թ.) մենագրությունները։
Տոկարսկին առաջինն է շարադրել հայ ճարտարապետության ընդհանուր պատմությունը, հեղինակ է առանձին հուշարձաններին նվիրված հիմնարար աշխատությունների։ 1945թվականին փոխադրվելով Հայկական ՍՍՀ նորաստեղծ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը, տարիների ընթացքում կատարած հետազոտությունների իր արդյունքները Տոկարսկին ամփոփել է «Հին Հայաստանի ճարտարապետությունը» ստվարածավալ մենագրության մեջ (1946թ.)։ 1961 թվականին հրատարակել է «Հայաստանի 4-14-րդ դարերի ճարտարապետությունը» մենագրությունը, որի համար ստացել է արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան։ Գրել է Դ․ Ա․ Ղիփշիձեի «Անիի քարայրները» (1972, ռուսերեն) աշխատության նախաբանը, ծանոթագրությունները, մշակել նյութերը, պատրաստել գծագրերը։ Նիկոլայ Տոկարսկու թողած գիտական ժառանգությունը մեծ ավանդ է հայագիտության մեջ։
1963 թվականի ամռանը, 71 տարեկանում, նա նորից բարձրացել է Արագածի լանջերը։ Ամբերդի վերաբերյալ նրա հետազոտությունը լույս է տեսել ինչպես առանձին գրքով Իտալիայում (հայ ճարտարապետության հուշարձաններին նվիրված մատենաշարում), այնպես էլ իր «Հայ ճարտարապետության պատմության էջերից» գրքում (1973թ.)։
Մահացել է 1977 թվականի դեկտեմբերի 20-ին Լենինգրադում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոկարսկին ԽՍՀՄ ԳԱ-ի սահմանած Թորոս Թորամանյանի անվան մրցանակի առաջին դափնեկիրն է (1972)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1939) և մեդալներով։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի բազմաթիվ հրապարակումներ, այդ թվում.
- Предварительный отчет о поездке в Армению осенью 1923 г․ «Известия Российской Академии истории материальной куль¬ туры», т․ 4, Л․, 1925;
- Наземная стереофотограмметрия, Л․, 1931;
- Архитектура древней Армении, Е․,t1946;
- Архитектура Армении IV—XIV вв․, Е-, 1961;
- Археологические раскопки в Армении, № 11, Джрвеж 1, Е․, 1959,
- Археологические раскопки в Армении, Джрвеж 2, Вохчаберд, Е․, 1964;
- По страницам истории армянской архитектуры, Е․, 1973․
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճարտարապետության դոկտոր Վ. Հարությունյան «Ն. Մ. Տոկարսկի» պատմաբանասիրական հանդես № 1, 1978, էջ 292-293
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1056097116 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- Դեկտեմբերի 30 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 20 մահեր
- 1977 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս ճարտարապետներ
- Ռուս պատմաբաններ
- Ճարտարապետության պատմաբաններ
- Դեկտեմբերի 6 ծնունդներ
- Ռուս հայագետներ